«Աստոն-Վիլլա» 1-2 «Լիվերպուլ»

Գոլերը՝ Տրեզեգե, 21 - Ռոբերտսոն, 88, Մանե, 90+5

Վերջին անգամ «Լիվերպուլը» «Վիլլա Պարկում» խաղացել էր 2015/16 թթ մրցաշարում: Այն ժամանակ մերսիսայդցիները 6 անպատասխան գնդակ էին խփել բիրմինգհեմցիների դարպասը: «Աստոն-Վիլլան», հասկանալի է, չէր ցանկանա հիշել այդ չարաբաստիկ հանդիպումը, և, ինչպես ցույց տվեցին զարգացող իրադարձությունները, բավական մարտական էր տրամադրված:

Կլոպի սաները անմիջապես բախվեցին խնդիրների, որոնց չեզոքացումը նրանցից մեծ ջանքեր պահանջեց: Տպավորիչ էր Էլ Գազիի անցումը հենակետայինի գոտով, որին հետևեց ուժեղ հարված դեպի «Լիվերպուլի» դարպասը: Ալիսսոնը բռունցքներով ետ մղեց գնդակը, և դրան միանգամայն կարող էին տիրանալ «Աստոն Վիլլայի» ֆուտբոլիստներ Ուեսլին, Էնգելսը և Մինգսը:

«Լիվերպուլը», շնորհիվ Մանեյի ու Ֆիրմինոյի ջանքերի, ուներ իր պահերը, որոնք օգտագործել չկարողացավ, փոխարենը Պրեմյեր Լիգայի առաջատարը 21-րդ րոպեին գնդակ ընդունեց իր դարպասը: Մաքգիննը ստանդարտից գնդակն ուղարկեց հյուրերի տուգանային հրապարակ, որտեղ հսկողությունից դուրս մնացած Տրեզեգեին հաջողվեց անկասելի հարված կատարել՝ 1-0:

Այն, որ «Լիվերպուլը» միանգամից կնետվի կորցրածը ետ բերելուն, ոչ մեկը չէր կասկածում: Մի քանի րոպեի ընթացքում դարպասապահ Հիտոնը 2 անգամ փրկեց իր թիմին վերահաս գոլից՝ Ալեքսանդր-Առնոլդի և Մանեի վտանգավոր հարվածներից հետո: Այնուհետև Ֆիրմինոն, այնուամենայնիվ, գոլի հեղինակ դարձավ, բայց այդ արեց գտնվելով խաղից դուրս վիճակում, ինչը և մրցավարներն արձանագրեցին կրկնապատկերը դիտելուց հետո:

Երկրորդ կեսն անցավ հյուրերի ուժեղ ճնշման տակ, անդադար գրոհների ներքո: «Աստոն Վիլլան» միայն մեկ անգամ կարողացավ գոլային պահ ստեղծել, և այն էլ անմիջապես դրա պատճառով հակագրոհ ընդունեց, որը կարող էր ավարտվել գոլով:

Դարպասապահ Հիտոնը աշխատում էր քափ ու քրտինքի մեջ, հյուրերի ֆուտբոլիստներից շատերը՝ Սալահը, Օրիգին, Մանեն, Ալեքսանդր-Առնոլդը, ամենանպաստավոր դիրքերից վրիպում էին, լուսատաղտակի վրա թողնելով այն հաշիվը, որը ամենևին էլ վայել չէր Պրեմյեր Լիգայի առաջատարին: 

Միայն 88-րդ րոպեին «Լիվերպուլին» հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Մանեի փոխանցումից հետո եզրից տուգանային ներխուժած Ռոբերտսոնը գլխով պարզապես մխրճեց գնդակը Հիտոնի պաշտպանած դարպասը՝ 1-1:

Կլոպի սաները շարունակում էին ճնշել: Վտանգավոր դիրքում նշանակված տուգանայինից կարող էր աչքի ընկնել Ալեքսանդր-Առնոլդը, բայց նրա հարվածը չստացվեց: Մի փոքր ուշ, ավելացված ժամանակի 5-րդ րոպեին, Ալեքսանդր-Առնոլդը ուղղեց իր սխալը, անկյունայինից դառնալով գոլային փոխանցման հեղինակ: Նրա գնդակը իր տեղում գտավ Մանեին և հանրահայտ աֆրիկացին դիպուկ հարվածով հաղթանակ բերեց իր թիմին՝ 1-2:

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP