Եվրոպայի առաջնության ընտրական փուլ, 9-րդ խումբ

Հայաստան 0-1 Հունաստան

Գոլ՝ Լիմինիոս, 35

Հայաստանի հավաքականը ևս մեկ պարտություն կրեց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում և դա այնքան էլ էական նշանակություն չուներ, քանզի Ֆինլանդիայի հավաքականը ամենայն հավանականությամբ հաղթելու էր Լիխտենշտեյնին և անկախ ամեն բանից գրավելու էր երկրորդ տեղը՝ հենց այդպես էլ եղավ: Սակայն ֆուտբոլասերին անչափ հետաքրքրում էր, թե Հայաստանի հավաքականը ինչ ֆուտբոլ կցուցադրի Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ, մասնագետ՝ որը մեծամասամբ դրականորեն է ընդունվել հայ ֆուտբոլային հասարակության կողմից:

Աբրահամ Խաշմանյանը հենց սկզբից հայտնվել էր ոչ դյուրին իրավիճակում: Տարբեր պատճառներով խաղին չէին մասնակցում Հենրիխ Մխիթարյանը, Վարազդատ ՀարոյանըՍարգիս Ադամյանը, Մարկոս Պիցցելլին, Կարլեն Մկրտչյանը և Գևորգ Ղազարյանը: Չկար նաև Արաս Օզբիլիզը, որը մարզավիճակում գտնվելու պարագայում իրենից մեծ ուժ է ներկայացնում: Այսպիսով՝ հիմնական կազմի յոթ ֆուտբոլիստ, մինչդեռ մեր հավաքականը մեծ խնդիրների առաջ է կանգնում, երբ պակասում են այս յոթից մեկը կամ երկուսը:

Մրցակից թիմի ուժը ևս մի կարևոր հանգամանք է, որը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել: Հունաստանի հավաքականն արդեն այն թիմը չէր, որը իր դաշտում անչափ թույլ խաղ ցուցադրելով պարտվեց մեր ընտրանուն: Երևանում մենք տեսանք հույների մի նորաստեղծ հավաքական, որն իր կազմակերպված խաղով ստիպեց առնվազն մեծ հարգանք տածել իր նկատմամբ:

Խոսելով մեր թիմի կազմի մասին՝ պետք է ասել, որ Աբրահամ Խաշմանյանը ոչ մեկին աչքաթող չէր արել և հավաքական էր հրավիրել բոլոր ուժեղագույններին: Այդ թվում նախկին մարզիչի կողմից անտեսված Արթուր Սարկիսովին, որը մասնակցեց հանդիպմանը և վատ տպավորություն չթողեց:

Մեր թիմը խաղում էր 5-4-1 մարտավարությամբ՝ 3 կենտրոնական պաշտպանով և եզրային կիսապաշտպաններով, որոնք ըստ անհրաժեշտության վերածվում էին հարձակվողների: Ցավոք պաշտպանների քանակը չբերեց որակի: Ամբողջ հանդիպման ընթացքում մեր թիմը խնդիրներ ունեցավ պաշտպանությունում և նույնիսկ անզեն աչքով տեսանելի էր, որ հույների գոլը ժամանակի հարց է:

Աբրահամ Խաշմանյանը ճիշտ էր հաշվարկել ուժերը և ընտրել էր պաշտպանողական մարտավարություն, ձգտելով հուսալի խաղալ թիկունքում և առիթի դեպքում սուր հակագրոհել: Ցավոք այդ մարտավարությունը, այս պահի դրությամբ, արդյունք չտվեց: Երրորդ կենտրոնական պաշտպանը մեծ օգուտ չտվեց պաշտպանությանը, բայց փոխարենը անչափ թերի դարձրեց կիսապաշտպանությունը: Ամբողջ խաղի ընթացքում բացակայում էր պաշտպանների ու հարձակվողների միջև եղած կապը, որը պետք է ապահովեր միջին գիծը, չկար մի ֆուտբոլիստ, որը կարողանար կազմակերպել թիմի խաղը և վճռորոշ փոխանցումով սրել խաղը: Փոխարենը մենք տեսանք հյուրերի կազմակերպված խաղը մեր կիսադաշտում: Հույները պարբերաբար ճեղքում էին մեր պաշտպանությունը և հարվածային դիրք դուրս գալիս:

Արդեն 8-րդ րոպեին Բակասեկասը լավ հարված կատարեց մեր դարպասին, բայց Հայրապետյանը չեզոքացրեց վրանգը: Հետևեց Մանոլասի հարվածը, որը պետք է ավարտվեր դարպասի գրավումով, սակայն դարպասաձողն իր վրա վերցրեց մեր հավաքականի փրկչի դերը:

Հունաստանի հավաքականն իսկապես ավելի լավ տպավորություն էր թողնում: Հյուրերը վերահսկում էին գնդակը, ավելի հաճախ էին գրոհում , շատ ավելի հաճախ վտանգավոր պահեր ստեղծում: Եվ գոլը, որը նրանք խփեցին 35-րդ րոպեին, միանգամայն նրանց գործողությունների լոգիկական ավարտն էր: Արդեն տևական ժամանակ էր հույները ճնշում էին և մեր պաշտպանությունը զգալի ճաքեր էր տվել իր բոլոր մասերում: Գոլի հեղինակ դարձավ Դիմիտրաս Լիմինոսը, որը դիպուկ հարվածով անակնկալի բերեց Հայրապետյանին: Գոլային փոխանցումը նա ստացավ Յաննուլիսից:

Երկրորդ կեսի սկզբնամասում նույն Լիմինոսը կարող էր կրկնապատկել հաշիվը, բայց այս դեպքում հիանալի խաղաց մեր դարպասապահը՝ գեղեցիկ ցատկով գնդակը դուրս բերելով հեռավոր անկյունից:

Այս պահից հետո մեր ֆուտբոլիստների մոտ ակտիվություն նկատվեց: 50-րդ րոպեին հյուրերի դարպասը գրավելու հանդուգն փորձ կատարեց Բարսեղյանը: «Բենֆիկայի» և Հունաստանի հավաքականի դարպասապահ Վլախոդիմոսը հիանալի ցատկով փրկեց իր թիմին:

Խաղում հարաբերական անդորր հաստատվեց, որը խաղակեսի միջնամասում ընդյհատեց նույն Լամինոսը: Հույն հարձակվողը ևս մեկ անգամ փորձեց կրկնապատկել հաշիվը, սակայն Հայրապետյանը կրկին անգամ հուսալի խաղ ցուցադրեց:

Որպեսզի փրկեր խաղը՝ Աբրահամ Խաշմանյանը պետք է փոփոխություն կատարեր և թարմ ուժեր նետեր խաղադաշտ: Էրիկ Վարդանյանի փոխարեն, որն այդ օրը ոչ մի բանով աչքի չընկավ, խաղադաշտ մտավ Արթուր Սարկիսովը: «Ենիսեյի» հարձակվողը բավական աշխուժացրեց մեր հավաքականի խաղը: Եվ երբ Բարսեղյանը ուժգին հարված կատարեց դարպասին, որը դարպասապահ Վլախոդիմոսը չկարողանալով կասեցնել՝ բռունցքներով ետ մղեց, հենց Սարկիսովն առաջինը հասավ գնդակին և այն անցկացրեց դարպասից ներս: Ցավոք մրցավարները խաղից դուրս իրավիճակ արձանագրեցին: Կրկնապատկերը ցույց տվեց, որ Բարսեղյանի հարվածի պահին մեր հարձակվողն, իրոք, խաղից դուրս վիճակում էր:

79-րդ րոպեին կարող էր հանդիպման վերջակետը դնել Մասուրասը, բայց անչափ հարմարավետ դիրքից վրիպեց:

Վերջին րոպեներին Հայաստանի հավաքականը փորձեց վճռական պաշարումով փրկել խաղը, բայց չկարողացավ այդ անել: Խաղադաշտ մտած Արտակ Եդիգարյանը և Պետրոս Ավետիսյանը, ճիշտ է, որոշ չափով աշխուժացրին մեր թիմի խաղը, Եդիգարյանը նույնիսկ շատ ուժեղ հարված կատարեց դարպասին, որը դիպուկ լինելու դեպքում կարող էր գոլով ավարտվել: Այնուհանդերձ մեր թիմին չհաջողվեց հավասարեցնել հաշիվը. խաղն ավարտվեց հույների նվազագույն հաշվով հաղթանակով:

Ինչ խոսք Հայաստանի հավաքականը թույլ խաղաց, սակայն դժվար թե գտնվի մեկը, որն ասի, թե նրանից ավելի բան կարելի էր սպասել: Պատճառների մասին արդեն վերևում ասվեց: Մեր թիմին անհրաժեշտ են որակյալ ֆուտբոլիստներ, որոնք շատ չեն, և եղածի մեծ մասը տարբեր պատճառներով չէր մասնակցում հանդիպմանը: Հատկապես մտահոգվելու տեղիք է տալիս պաշտպանության կենտրոնը: Խաղը ցույց տվեց, որ Կալիզիրը, Իշխանյանը և Ոսկանյանը կարող են միայն խաղալ ուժեղ պաշտպանի կողքին, այլ ոչ թե իրենք ապահովել պաշտպանության հուսալիությունը: Ոչ ստաբիլ է խաղում Հայրապետյանը, որը հոյակապ սեյվերը հրաշալի համատեղում է մանկական սխալների հետ: Առանձին թեմա է Մխիթարյանի, Ղազարյանի և մյուս վետերանների խաղը: Մարկոս Պիցցելլիի հրաժեշտի հայտարարությունը զգոնության է հորդորում և ցույց տալիս, որ ոչ մի ֆուտբոլիստ հավերժ չէ, և մեր հավաքականը արդեն իսկ պետք է սովորի խաղալ առանց իր առաջատարների: 

Հակված ենք կարծել, որ Աբրահամ Խաշմանյանին կհաջողվի կարգավորել մեր թիմի խաղը պաշտպանությունում և ամուր հավաքական ստեղծել: Նրան, անշուշտ, պետք է տրամադրել այն ժամանակը, որն անհրաժեշտ է որակ ստանալու համնար:      

 

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP