ԱՄՆ-ում ընթացող International Champions Cup մրցաշարում այս գիշեր միանգամից տեղի ունեցան 5 հանդիպումներ:
Ֆիլադելֆիայում իտալական «Յուվենտուսը» 2:0 հաշվով հաղթեց Մյունխենի «Բավարիային»: Երկու գոլերն էլ առաջին խաղակեսում խփեց Անդրեա Ֆավիլին:
Պիտսբուրգում իրար հետ մրցեցին Դորտմունդի «Բորուսիան» ու Լիսաբոնի «Բենֆիկան»: Հիմնական ժամանակում գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 2:2, իսկ 11մ հարվածաշարում հաղթեցին պորտուգալացիները՝ 4:3:
Իստ Ռատերֆորդում հարաբերությունները պարզեցին անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը»: Խաղի 57-րդ րոպեին Լերոյ Սանեի խփած գնդակին լիվերպուլցիները պատասխանեցին Մոհամեդ Սալահի եւ Նաթանիել Ֆիլիպսի գոլերով՝ 2:1:
Սան Դիեգոյում կայացած «Ռոմա» - «Տոտենհեմ» խաղում լոնդոնցի ֆուտբոլիստները պարզապես ջախջախեցին հռոմեացի ֆուտբոլիստներին՝ 4:1:
Օրվա վերջին խաղը կայացավ Կարսոնում, իտալական «Միլանի» եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» միջև: Հիմնական ժամանակում գրանցվեց ոչ-ոքի արդյունք՝ 1:1, իսկ 11մ հարվածարում 9:8 հաշվով հաղթեցին անգլիացիները: