Մեցի մարզիչը ծեծկռտուք է սկսել Լիլի հետ հանդիպման վերջնամասում 🎥

Ֆրանսիայի առաջնության 25-րդ տուրի «Լիլ» - «Մեց» հանդիպման վերջնամասում ծեծկռտուք է տեղի ունեցել։

Հյուրերի գլխավոր մարզիչ Ֆրեդերիկ Անտոնետտին զայրացել է և հրել մրցակից թիմի սպորտային համակարգող Սիլվեն Արմանդին, որը նախկինում խաղացող է եղել։

«Ես տեսա «Լիլից» 4-5 հոգու, ովքեր մոտեցան մրցավարին և ինչ-որ բան խնդրեցին։ Սա ճնշում է մրցավարի վրա, որին ես դեմ եմ։ Երբ ինչ-որ մեկը հարձակվում է ինձ վրա, ես պաշտպանվում եմ: Տանել չեմ կարողանում մարդկանց, ովքեր ինձ չեն հարգում։ Ես նրան հեռացրի, վատ բան չկա։ Իմ թիմը շատ կազմակերպված էր, դա շատ խնդիրներ առաջացրեց «Լիլի» համար, նրանք չկարողացան գոլ խփել, և դա բարկացրեց նրանց» ,- ասել է Անտոնետին Prime Video-ի եթերում։

Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ Անտոնետին դժգոհել է և վաղաժամ հեռացել։

«Դուք սիրում եք փափուկ մարզիչների, ես այդպիսին չեմ: Ֆրանսիայում չեն սիրում խառնվածքով մարզիչներին, ինձ չեն սիրում, ես դա գիտեմ»,- ասել է Անտոնետին և հեռացել։

Այս հանդիպումից հետո «Լիլը» 9-րդն է Լիգա 1-ում, իսկ «Մեցը»՝ 18-րդը:

Նորություններ

Բոլոր նորությունները