Այս հաղթանակը վստահություն կտա թիմին. Կոնտե

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ամփոփել է Անգլիայի առաջնության 26-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ հաղթական հանդիպումը (3:2)։

«Երբ խաղում ես «Մանչեսթեր Սիթիի» դեմ, գիտես, որ նրանք գնդակով կլինեն  խաղաժամանակի 70 տոկոսում: Բայց ես իմ խաղացողներին ասում եմ, որ պաշտպանվելիս պետք է միշտ մտածեն հարձակվելու մասին։ Պետք է ցանկանաս վերցնել գնդակը և վազել հարձակման:

Իհարկե, սա հանդիպման գերազանց արդյունք է։ Միգուցե մյուս թիմը, այն բանից հետո, երբ հաշիվը դարձրեց 2։2, կարծում էր, որ խաղն ավարտված է: Բայց իմ թիմը ցանկանում էր հաղթել: Կարծում եմ՝ իմ թիմն ամբողջ հանդիպման ընթացքում մտածում էր հարձակման մասին։ Ամեն անգամ, երբ մենք ստանում էինք գնդակը, ինձ թվում էր, որ կարող ենք մրցակցին խնդիրներ տալ։ Այս հաղթանակը պետք է մեզ վստահություն և հավատ տա այն աշխատանքի նկատմամբ, որը մենք միասին ենք անում։ Այս հաղթանակը պետք է գոհացնի երկրպագուներին երկու տնային պարտություններից հետո»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։

Նշենք, որ Պրեմիեր լիգայի 26 տուրերից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակած 63 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Տոտենհեմը» 39 միավորով 7-րդ տեղում է։

Նորություններ

Բոլոր նորությունները