Բարսելոնան ջախջախեց Վալենսիային, Օբամեյանգն առաջին գոլերը խփեց «կապտանռնագույնների» կազմում 🎥

Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4։1 հաշվով առավելության հասավ «Վալենսիայի» նկատմամբ։

«Մեստալիա» ստադիոնում կայացած հանդիպման առաջին խաղակեսից հետո կատալոնական ակումբը հաղթում էր 3։0 հաշվով։ 23-րդ րոպեին Ժորդի Ալբայի խորքից կատարած հիանալի փոխանցումից հետո «Բարսելոնայում» իր առաջին գոլը հեղինակեց Պյեր-Էմերիկ Օբամեյանգը՝ բացելով խաղի հաշիվը։ 32-րդ րոպեին «կապտանռագույնների» առավելությունը կրկնապատկեց Ֆրենկի դե Յոնգը, իսկ 6 րոպե անց հաշիվը խոշոր դարձրեց Օմաբեյանգը՝ իր հաշվին գրանցելով դուբլ։

41-րդ րոպեին «Վալենսիայի» կիսապաշտպան Կառլոս Սոլերի խփած գոլը չեղարկվեց VAR համակարգով կրկնապատկերը դիտելուց հետո. գրոհի ընթացքում գնդակը հատել էր խաղադաշտի սահմանները։ Այդուհանդերձ, Սոլերին հաջողվեց կրճատել հաշիվը երկրորդ խաղակեսի մեկնարկում. 53-րդ րոպեին Բրայան Խիլի բարձրից փոխանցումից հետո իսպանացի կիսապաշտպանը գլխի շեշտակի հարվածով գրավեց Տեր-Շտեգենի պաշտպանած դարպասը։

10 րոպե անց «Բարսելոնան» 4-րդ գնդակն ուղարկեց «չղջիկների» դարպասը՝ հանելով հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը. հեռահար հարվածով փայլուն գոլի հեղինակ դարձավ Պեդրին։

Այս հաղթանակից հետո Չավիի գլխավորած թիմը վաստակեց 42 միավոր և այժմ կիսում է 4-5-րդ տեղերը նույնքան միավոր ունեցող «Ատլետիկոյի» հետ։ «Վալենսիան» 30 միավորով մնաց 12-րդ հորիզոնականում։

Հանդիպման տեսանյութը.

Նորություններ

Բոլոր նորությունները