Եղիշե Մելիքյան. Կեղծ նվիրված ֆուտբոլային գործիչներ ու աշխատակիցներ, ձեզ համար եմ ասում

Եղիեշ Մելիքյանը պարզաբանել է «Արարատի» հետ հանդիպումից հետո ասուլիսում հայտնած իր դժգոհությունների պատճառները։

- Պարոն Մելիքյան, հանդիպումից մեկ օր արդեն անցել է, կխնդրեինք առանց էմոցիաների և ավելի կոնկրետ անդրադառնաք խնդրին։

- Ես այս ընթացքում հետևել եմ մարդկանց կարծիքներին։ Կան որոշները, որոնց կարծիքն ինձ դուր չի եկել։ Այս խնդիրը կա հայկական մենթալիտետի մեջ. եթե դու թեկուզ աշխարհի ամենախելացի մտքերը ասես, հայտնվելու են մարդիկ, որոնք նախ չեն հասկանալու և ապա փորձելու են ավելի խելացի գտնվել։

Ցանկանում եմ հանգամանալից ներկայացնել իմ էմոցիաների պատճառը։ Նախ ասեմ, որ թե՛ Հայաստանի առաջնությանը և թե՛ Չեմպիոնների լիգային շատ լավ ենք պատրաստվել։ Նախօրոք վերլուծելով ամեն ինչ՝ համալրվել ենք պատշաճ կերպով։ Հասկանալով, թե ինչ մասշտաբի խաղեր ենք ունենալու, մեր թիմում ընդգրկել էինք 6 կենտրոնական պաշտպաններ։ Ֆուտբոլում լինում է ամենացավալին, դրանից անմասն չմնացինք նաև մենք, քանի որ նշածներիցս 3-ը շարքից դուրս էին մնացել։

Ժամանակ էինք խնդրում, որպեսզի այդ ֆուտբոլիստները ապաքինվեն և ավելի ուժեղ կազմով պատրաստվենք առաջիկա խաղին, այնուհետև նաև երկու ճակատով պայքարելուն։ «Արարատի» հետ հանդիպմանը մասնակցելով՝ մենք ստիպված էինք ռիսկի գնալ։ Էլ ավելի ցավալին այն է, որ երեկվա խաղում վնասվածք ստացավ նաև մեր 4-րդ կենտրոնականը... Կրկնում եմ, մենք պարզապես խնդրել էինք հետաձգել «Արարատի» հետ հանդիպումը։ Ուզում եմ հիշեցնել, որ մենք Չեմպիոնների լիգայի 3-րդ փուլում ենք, մենք ամենաբարձր մակարդակով ներկայացնում ենք Հայաստանը։ Այս տարբերությունները պետք է հասկանալ։

Նաև մի կարևոր հանգամանք էլ կա. «Փյունիկը» մեծ ուժեր էր ծախսել «Դյուդելանժի» հետ պատասխան խաղում։ Հանուն հաղթանակի մենք նվիրվել էինք ուժերի առավելագույնի չափով։ Դրանից հետո 7-8 ժամվա ճանապարհ ենք անցել և վերադարձել։ ՀՖՖ-ն պարտավոր էր օգնել մեզ։ «Փյունիկի» մասով կան «ուզողներ» և «չուզողներ»։ Մեր թիմի համար լավը «ուզողները» ինձ հասկանում են և իմ բացատրությունների կարիքը չունեն։ Ես ասում եմ այդ «չուզողների» համար, որոնք ուզում են խոչընդոտեն, խանգարեն, վնասեն։ Սա «Փյունիկի» հարցը չէ, սա բոլորիս հացն է... այնպես որ, կեղծ նվիրված ֆուտբոլային գործիչներ ու աշխատակիցներ, ձեզ համար եմ ասում... 

Նորություններ

Բոլոր նորությունները